Դարձիր Ընկեր

Հոդվածներ

Միկրոսխեմաների թեստավորման
գլխավոր պատասխանատուն ԽՍՀՄ–ում

Հեղինակ՝ տ.գ.թ. Հովհաննես Ռոբերտի Դաշտոյան 

1950-ականների կեսերից մինչև Հայաստանի անկախացումը հաշվողական տեխնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի զարգացումը կարևոր դեր խաղացին Հայաստանում գիտության, կրթության և արդյունաբերության վերելքի ու կայացման գործում: 

Պինդ մարմնի, կիսահաղորդիչների ֆիզիկայի նվաճումները մեծապես նպաստեցին էլեկտրոնիկայի զարգացմանը՝ հատկապես էլեկտրական սխեմայի (միկրոչիպ) միավոր ծավալում էլեկտրական տարրերի ինտեգրման մեծ խտության ապահովման տեսանկյունից: 1940-ականների վերջում աշխարհում արդեն հաջողված փորձեր էին արվում էլեկտրական տարրերի միկրոչափային ինտեգրման ուղղությամբ: 1959-ին կիսահաղորդչային սարքերի ստացման պլանար տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր դարձավ մեծ թվով (մինչև մի քանի հազար) միատեսակ էլեկտրական ֆունկցիոնալ հանգույցների ինտեգրումը փոքրաչափ ծավալում։ Այսպիսով, սկզբնավորվեց միկրոէլեկտրոնային արտադրությունը, որը հնարավորություն ստեղծեց, համատեղելով կիսահաղորդչային և թաղանթային տեխնոլոգիաները, պատրաստել ինտեգրալ միկրոսխեմաներ (ԻՍ-ներ): Այլևս պարզ էր, որ հաշվիչ մեքենաների կատարելագործման գլխավոր շարժիչ ուժը միկրոէլեկտրոնիկան է: Վերջինիս զարգացումը 1960-ականներին ընթանում էր ԻՍ-ներում նոր նյութերի և ֆիզիկական երևույթների հայտնաբերման ու կիրառման, ինտեգրման մակարդակի բարձրացման, այսինքն՝ միկրոչիպերի միավոր ծավալում էլեկտրական տարրերի քանակի մեծացման ուղղություններով։ Միկրոէլեկտրոնիկայում արդեն հայտնի էին գերմանական Siemens-ն ու ամերիկյան Texas Instruments-ը: Խորհրդային միությունը (ԽՍՀՄ), հետևելով համաշխարհային զարգացումներին, հսկայական ռեսուրսներ էր ներդնում միկրոէլեկտրոնիկայի զարգացման նպատակով: Հաջողությամբ սկսել էր գործել Զելինոգրադի Միկրոէլեկտրոնիկայի գիտական կենտրոնը՝ իր գիտահետազոտական ինստիտուտներով (ԳՀԻ) և գիտա-արտադրական միավորումներով (ԳԱՄ):

ԽՍՀՄ տարածքում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ, Միջին Ասիա, 1960-ականներին մեծ թափ առած ինտեգրալ միկրոսխեմաների արտադրությունը գերխնդիր էր դարձրել ստացվող արտադրանքի արագ ու որակյալ թեստավորումը (էլեկտրական տարբեր բնութագրերի չափում): Անհրաժեշտություն կար թեստավորման ավտոմատացված համակարգերի նախագծման և արտադրության՝ բավարարելու համար հսկայական ծավալների հասած ԽՍՀՄ միկրոէլեկտրոնային արդյունաբերության պահանջները: Մոսկվայի ղեկավար շրջանակները արդեն նախատեսել էին միկրոէլեկտրոնիկայի բնագավառում ԳԱՄ ձևավորել Անդրկովկասում: Մեծանուն գիտնական Անդրանիկ Իոսիֆյանի (Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, հայկական էլեկտրատեխնիկների դպրոցի հիմնադիր) նախաձեռնությամբ հնարավոր է դառնում Մոսկվայում Ա.Ի. Շոկինի (1965-85թթ. ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարար) հետ պայմանավորվել, որ այդ ԳԱՄ-ը ստեղծվի Հայաստանում: Շոկինը տալիս է իր համաձայնությունը՝ հաշվի առնելով, որ ԳԱՄ-ի ստեղծման գործին պիտի լծվի Գուրգեն Տիգրանի Չոլախյանը (1961-63թթ. ՀԽՍՀ Ժողտնտխորհի փոխնախագահ, 1963-66թթ.՝ նախագահ):

Այսպիսով՝ 1948-ից ի վեր հայկական էլեկտրատեխնիկական արդյունաբերության բնագավառում հսկայական ներդրում ունեցած Գուրգեն Չոլախյանին այս անգամ վստահվեց հայկական միկրոէլեկտրոնային արտադրությանը թափ հաղորդելու պատասխանատու գործը: «Ինչո՞ւ մեր գիտական ձեռքբերումները Հայաստանից դուրս կյանքի կոչվեն, եկեք հենց մեր երկրում գործարաններ հիմնենք ու արտադրանքի վերածենք հայ գիտական մտքի ձեռքբերումները». սա՛ էր հայրենասեր, եռանդուն ու հեռատես գործիչ Գուրգեն Չոլախյանի տեսլականը:

1966-ի դեկտեմբերի 29-ին Չոլախյանը հրավիրվում է Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի մոտ: Վերջինս և Արզումանյանը (Հայաստանի Կոմկուսի քարտուղարներից) տեղեկացնում են Երևանում Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծման վերաբերյալ 28.12.1966-ին Ա.Ի.Շոկինի ստորագրած հրամանի մասին, ջերմորեն շնորհավորում են  Չոլախյանին` տնօրենի պաշտոնում նշանակման առթիվ: Նորաստեղծ ինստիտուտի գլխավոր ճարտարագետը և տնօրենի գիտական գծով տեղակալը լինելու էր Բ.Բ.Մելիք-Շահնազարովը, ում անունը կապված էր Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (ավելի հայտնի որպես «Մերգելյան ինստիտուտ»)՝ մասնավորապես «Հրազդան» (Կիսահաղորդիչ տարրերով աշխատող «Հրազդան» երկրորդ սերնդի համակարգիչ, 1961թ.) էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ) ստեղծման հետ:

Որոշվեց 1967-ի հոկտեմբերին Երևանում կազմակերպել և անցկացնել ստուգիչ-չափիչ տեխնիկայի հիմնահարցերի շուրջ համամիութենական համաժողով: 1968–ի ապրիլի վերջին Չոլախյանն այցելեց մերձմոսկովյան նորաստեղծ Զելինոգրադ քաղաքի Միկրոէլեկտրոնիկայի գիտական կենտրոնի (ՄԳԿ) փորձարարական գործարաններ ունեցող յոթ ԳՀԻ-ներ: Այստեղ էր, որ սահմանվում էր ԽՍՀՄ միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման ուղին: Մանրամասն ծանոթանալով տեղի ինստիտուտների գործունեությանը՝ եզրակացությունը մեկն էր. ԽՍՀՄ միկրոէլեկտրոնային արդյունաբերության համար գերխնդիր էր ունենալ բարձր արտադրողականությամբ ստուգիչ-չափիչ ավտոմատացված համակարգեր, որոնք կկիրառվեին միկրոսխեմաների թեստավորման նպատակով՝ ապահովելով դրանց արտադրման գործընթացի արագ և ճշգրիտ վերահսկողությունը: 1968-ի կեսերին ծրագրվեց Երևանի Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի երեք գիտաշխատողների գործուղել Ֆրանսիա, ԳՖՀ և Անգլիա, ինչպես նաև ձեռք բերել միկրոսխեմաների ստուգիչ-չափիչ ճապոնական համասարք՝ որպես նմուշ-օրինակ ինստիտուտի հետագա արտադրանքների համար:   

1969–ի փետրվարին Մոսկվայում կայանալիք ԽՍՀՄ ռազմական արդյունաբերության մեջ միկրոէլեկտրոնիկայի ներդրմանը վերաբերող խորհրդաժողովի ընթացքում «Միկրոէլեկտրոնիկայում չափիչ տեխնիկայի վիճակը և հիմնախնդիրները» թեմայով զեկուցումը վերապահվեց Երևանի նորաստեղծ Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտին (այսուհետ պարզապես Նիտիմ՝ ռուսերեն НИТИМ հապավումից՝ “Научно-исследовательский технологический институт микроэлектроники”): Այսպիսով, նախանշված էր Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի (Նիտիմի) գործունեության առանցքը. միկրոսխեմաների, կիսահաղորդչային սարքերի բնութագրերի ստուգիչ-չափիչ ավտոմատացված սարքավորումների նախագծում և արտադրություն: Նախատեսված էր, որ ինստիտուտը պիտի հիմք նախապատրաստեր հետագայում խոշոր ԳԱՄ-ի ձևավորման համար:

Ավտոմատ թեստավորման սարքավորումների ասպարեզում առաջամարտիկ համարվող ամերիկյան Teradyne ընկերությունը, մեկնարկելով 1960-ին, ԻՍ-ների թեստավորման ԷՀՄ-ով ղեկավարվող իր առաջին համասարքը (“J259”) ներկայացրեց 1966-ին: ԽՍՀՄ-ում այդ ասպարեզում միայն Զելինոգրադի ՄԳԿ-ն էր որոշ նախնական փորձեր իրականացրել: Հայկական Նիտիմը ասպարեզ մտնելով 1966-ին՝ 1968-ին պատրաստեց ավտոմատ թեստավորման «ԱՆԱՀԻՏ-1» ու «ԱՆԴՐԱՆԻԿ-1» համասարքերի նախանմուշները, որոնք արտադրության մեջ մտան 1969-ից: 1954-ից գործող ճապոնական առաջատար Advantest ընկերությունը ԻՍ-ների ավտոմատ թեստավորման իր առաջին համասարքը թողարկեց 1971-ին: 1967-ի ապրիլին Չոլախյանը մինչև իսկ զարմացած էր նորաստեղծ ինստիտուտի կազմակերպման տեմպերով։ ԽՍՀՄ ղեկավարությունն այնքան էր կարևորում Նիտիմի սեղմ ժամկետներում կայացումը, որ միջոցներ չէին խնայվում շենքային, սարքային և կադրային համապատասխան պայմաններ ապահովելու համար: Ինստիտուտը սկզբում տեղակայվեց «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող շրջկոմի շենքում, այնուհետև դրա հարևանությամբ ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում կառուցվեցին նոր մասնաշենքերը, ընդ որում, դրանցից երկուսը կառուցվեցին հենց Գետառ գետի վրա՝ այն երկաթ-բետոնե սալերով ծածկելով (4 և 5 շենքերը):

1967-ին ինստիտուտին հատկացվեց նաև Երևանի հին ՀԷԿ-ի շենքը (ճարտարապետ Ալ. Թամանյան) Հրազդանի կիրճում՝ որպես լաբորատոր-փորձարարական մասնաշենք, որը 1978-ին առանձնացավ և մինչ օրս գործում է որպես Երևանի կապի միջոցների ԳՀԻ: Նիտիմի այս մասնաշենքում լուրջ փորձեր էին արվում ԻՍ-ների նախագծման և պատրաստման ուղղությամբ:

Նիտիմի զարգացման դինամիկայի տեսակետից Չոլախյանի գործունեության պատկերը խորհրդանշական կերպով նման էր «Ժողտնտխորհում» 1957-66 թթ.-ին նրա ծավալած գործունեությանը: Եթե Ժողտնտխորհի, մասնավորապես՝ հենց Չոլախյանի ջանքերով ամեն տարի Հայաստանում կառուցվում էր մոտ 25 գործարան, ապա Նիտիմի մեկնարկային փուլում նրա ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր ամիս աշխատողների քանակն ավելանում էր մոտ 25-30-ով: Այսպիսով, 01․05․1967-ի դրությամբ ինստիտուտն ուներ 194 աշխատակից (71 ճարտարագետ, 27 ֆիզիկոս, 15 տեխնիկ), 01․05․1968-ին՝ 513, 01․11․1968-ին` 674 (246 ճարտարագետ, 34 ֆիզիկոս, 6 մաթեմատիկոս, 16 տնտեսագետ, 110 տեխնիկ և լաբորանտ): 01․11․1969-ին Նիտիմում և դրան կից գործարանում աշխատում էին 1026 հոգի:

1968 փետրվարին Քոչինյանը խանդավառված տեղեկացնում է Չոլախյանին, որ ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ Նիտիմի արտադրամասերի կառուցման համար հատկացվելու է մոտ 25000 քառ. մ. տարածք Երևանի Աջափնյակ թաղամասում: Նույն նպատակով ինստիտուտին տարածք էր տրվում նաև Կալինինո քաղաքում (ներկայիս Տաշիր): 1968-ին մեծ շուքով տոնվում էր Երևանի 2750 ամյակը, և արագ տեմպերով հաջողություններ գրանցող ու ընդլայնվող Երևանի Նիտիմը ինքնատիպ նշանավորումն էր մեր ազգի մեծ նվաճումների:
Նիտիմի թողարկած արաջին արտադրատեսակներից կարելի է առանձնացնել աղմկաչափ սարքը, որի պատվերը ստացվել էր Ռիգայից: Հատկապես հատկանշական էին ավտոմեքենաների համար արտադրված մագնիտոֆոնները, որոնք ԽՍՀՄ-ում առաջինն էին իրենց տեսակով:

Չոլախյանն իր օրագրում գրում է, որ 1968-ի օգոստոսի սկզբին պատրաստ էր «ԱՆԱՀԻՏ-1» համասարքի փորձանմուշը, իսկ 1969-ի ապրիլի սկզբին Մոսկվայից ստացվում է «ԱՆԱՀԻՏ-1» համասարքի ընդունման մասին լուրը: Մոսկվայում «ԱՆԱՀԻՏ-1»-ը համարվել էր որպես “Тропа-1” տիպի ինտեգրալ սխեմաների բնութագրերի վերջնական ստուգման համար նախատեսված խորհրդային արտադրության առաջին ավտոմատացված համասարք:

BIG_Anahit_1.png (147 KB)
ԻՄՍ "Тропа-1"

Պայմանավորվածություն է ձեռք բերվում «ԱՆԱՀԻՏ-1»-ի խմբաքանակի թողարկման և “Тропа-3”, “Тропа-5” ԻՍ-ների համար նմանատիպ համասարքերի նախագծման ուղղությամբ: 1969-ի հունիսին պատրաստ էր նաև Պավլովո-Պասադում փորձնական գործարկումից հետո բարձր գնահատականով «ԱՆԱՀԻՏ-1»-ի ներդրման ակտը: 

Big_Zond.png (177 KB)
Զոնդ-7

“Тропа” սերիայի ԻՍ-ները (նախագծված Զելինոգրադի Ճշգրիտ տեխնոլոգիաների ԳՀԻ-ում և արտադրված Պավլովո Պասադի «Էկսիտոն» գործարանում), ներառված լինելով «Զոնդ-7» արբանյակի ղեկավարման ԷՀՄ-ում, առաջին խորհրդային ԻՍ-ներն էին, որ հաջող թռիչք են իրագործել Լուսնի շուրջ և վերադարձել Երկիր (1969 թ.-ի վերջ): Նորաբաց ինստիտուտի հաջորդ մեծ հաջողությունը «ԱՆԴՐԱՆԻԿ-1» համասարքի նախագծումն ու արտադրությունն էր: 1969-ի նոյեմբերի սկզբին ստացվում է ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության նշանակած հանձնաժողովի դրական որոշումը, որում նշվում է, որ «ԱՆԴՐԱՆԻԿ-1»-ը p-n անցումների և ԻՍ-ների տրանզիստորների բնութագրերի չափման ու վերահսկման համար նախատեսված խորհրդային արտադրության առաջին ավտոմատացված արդյունաբերական համասարքն է, և համապատասխանում է արտասահմանյան նմանատիպ նշանակության սարքավորումների մակարդակին: «ԱՆԴՐԱՆԻԿ-1»-ում կիրառվել էր յուրահատուկ հաստատուն հիշասարք: Հատկանշական է, որ Նիտիմի գործունեության հենց սկզբից փորձ էր արվում ներգրավել ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև արտերկրի հայկական ներուժը: Օրինակ, միութենական մի շարք գիտահետազոտական ինստիտուտներից բարձրակարգ հայ մասնագետներ հրավիրվեցին հայրենիք և գործի անցան Նիտիմում, որոշ դեպքերում, օրինակ հենց Մոսկվայից համատեղության կարգով աշխատակցեցին Նիտիմին: Աշխարհում հայկական ռեսուրսի օգտագործման լավ փորձ էր 1969-ի հունիսին արտասահմանում գտնվող հայերի հետ տարվող աշխատանքների կոմիտեի միջոցով Stecoscan տեսածրող էլեկտրոնային մանրադիտակի ձեռքբերումը: 1967-ի մայիսին Հայաստանի գիտությունների ակադեմիայի (ԳԱ) նախագահ Վիկտոր Համբարձումյանի հետ որոշվեց ԳԱ-ի, ԵՊՀ-ի և Նիտիմի միասնական լաբորատորիա ստեղծել, որտեղ աշխատելու համար Երևան հրավիրվեցին գիտության դոկտորներ Աղախանյանը՝ Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտից, և Աբրահամյանը՝ Խարկովի զինվորական ակադեմիայից։ 1968-ին Մոսկվայից Երևան ժամանեց նաև Մ.Ա.Մուրադյանը, ով 1973-75 թթ. աշխատեց որպես Նիտիմի գլխավոր ինժեներ:

Նիտիմի ստեղծումից 5 տարի անց՝ 1971-ին, ինստիտուտը և դրան կից արտադրամասերը ձևավորեցին «Գամմա» ԳԱՄ-ը, որը 1970-ականների վերջերին վերանվանվեց «Անի» ԳԱՄ՝ հիմնականում տեղակայվելով ներկայիս Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարևանությամբ՝ Աջափնյակի Բեկնազարյան, Ֆուչիկի և Մարգարյան փողոցների միջև ընկած ողջ տարածքում: «Անի» ԳԱՄ-ի կազմում Նիտիմին կից գործում էր «Գառնի» գործարանը և մի շարք այլ արտադրամասեր: Նիտիմի նոր մասնաշենքում տպագրվում էր «Էլեկտրոնիկա» շաբաթաթերթը: Շենքի 7-րդ հարկի մեծ դահլիճը նախատեսված էր ԳԱՄ-ի հարյուրավոր աշխատողների համար մշակութային միջոցառումներ իրականացնելու նպատակով: Աշխատակիցների շրջանում այն հայտնի էր «յոթերորդ երկինք» անվամբ: «Անի» ԳԱՄ-ի հարևանությամբ կառուցվեցին բարձրահարկ բնակելի շենքեր, ուր բնակարաններ հատկացվեցին ԳԱՄ-ի աշխատողներին: 

1970-ականներին մշակվեցին անհատական օգտագործման առաջին համակարգիչները: Այդ սկզբնական փուլում ճկուն մագնիսական սկավառակի (floppy disk) վրա ինֆորմացիայի գրանցում-ընթերցում ապահովող սկավառակակիր սարքերը (floppy disk drive: FDD) թանկարժեք էին, անգամ ավելին արժեին, քան ինքը՝ համակարգիչը: 

FDD.jpg (109 KB)
Floppy Disk Drive

Այդ սարքերի նախագծման և արտադրության բնագավառում հայտնի էին ամերիկյան IBM, Apple, Shugart, Memorex ընկերությունները: ԽՍՀՄ-ում նմանատիպ սարքերի և մագնիսական սկավառակների նախագծման ու արտադրության համար 1970-ականների վերջում անցկացված մրցույթը շահեց «Անի» ԳԱՄ-ը (այդ ժամանակ գլխավոր ինժեներն էր Ա.Մ. Գուտովը, ով նախկինում աշխատել էր Մերգելյան ինստիտուտում), որի կազմի մեջ մտնող «Արաքս» գործարանում 1980 թվականից մեկնարկեց լայնածավալ արտադրությունը: Արտադրանքը նախատեսված էր հիմնականում ԽՍՀՄ ռազմարդյունաբերության համար:

Իր գործունեությունը սկսելով ԽՍՀՄ-ում միկրոէլեկտրոնային արդյունաբերության ձևավորման հենց սկզբնական տարիներին՝ Նիտիմն ընթացավ ռադիոէլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, հաշվողական տեխնիկայի զարգացման հետ համաքայլ: Տարիների ընթացքում ընդլայնելով իր գիտական, տեխնոլոգիական արտադրական փորձառությունը՝ ինստիտուտը հասավ այն մակարդակին, որ հնարավորություն ուներ թողարկելու տեղում նախագծված ամբողջական ստուգիչ-չափիչ համակարգեր, որոնք կիրառվում էին ոչ միայն իրենց ժամանակի արդիական ԻՍ-ների տարրերի ստուգաչափման, այլ նաև վերջիններիս լազերային չափաբերման համար: «Անի» ԳԱՄ-ում արտադրվող թեստավորման և չափաբերման համակարգերը տեղ էին զբաղեցնում ԽՍՀՄ միկրոէլեկտրոնային արդյունաբերության խոշոր գործարանների մաքուր գոտիներում (հերմետ զոնաներ)՝ ավտոմատացված կերպով ապահովելով արտադրվող միկրոսխեմաների ստուգումը, բնութագրերի չափումը, տարրերի կարգաբերումը: «Գամմա» համակարգերը հարյուրներով արտահանվում էին՝ իրենց տեղը գտնելով, օրինակ, Սարանսկ քաղաքի ռադիոդետալների գործարանի արտադրական գործընթացում և այլուր: 

Lazerayin_gamma.jpg (81 KB)
ԻՄՍ-ների լազերային արատանշման, տարրերի չափաբերման և ֆունկցիոնալ կարգաբերման «Գամմա» համակարգ

«Անի» ԳԱՄ-ի ունիվերսալ ստուգիչ-չափիչ համակարգերը լայն կիրառություն էին գտել նաև խորհրդային հեռուստացույցների միկրոսխեմաների ավտոմատ թեստավորման բնագավառում: «Անի» ԳԱՄ-ում 1970-ականների վերջին նախագծված և արտադրվող «Բետա» համակարգերը, որոնք նախատեսված էին օպերացիոն ուժեղարարների էլեկտրական բնութագրերի չափման համար, ունեին զարգացած ծրագրային ապահովում: Դրանցում ներդրված էր հենց Նիտիմի ծրագրավորման բաժնում տ.գ.թ. Ս.Մելիքյանի գլխավորությամբ մշակված վերահսկման հատուկ լեզուն (специальный язык контроля (СЯК)): 1990-ականներին Մելիքյանը կատարելագործեց այդ լեզուն, որը վերանվանվեց Վիզուալ-СЯК: Սա իր վիզուալ-գրաֆիկական կառուցվածքով նմանություն ուներ ներկայում հայտնի LabVIEW ծրագրավորման միջավայրի հետ:

beta_210.jpg (222 KB)
«Բետա-210»

1980-ականների կեսերին «Անի» ԳԱՄ-ում արտադրվող «Բետա» համակարգերը նախատեսված էին այդ ժամանակ հայտնի գործնականում բոլոր տիպերի օպերացիոն ուժեղարարների ստատիկ, դինամիկ և դրեյֆային բնութագրերի չափման համար: Այս համակարգերն աչքի էին ընկնում համեմատաբար փոքր չափերով, օգտագործման հարմարավետությամբ և բարձր արտադրողականությամբ: «Բետա»-ներն ունեին մի քանի մոդիֆիկացիաներ, որոնք առանձնանում էին վերահսկման ալգորիթմերի նկարագրման համար նախատեսված բարձր մակարդակի պրոցեդուր-կողմնորոշված ծրագրավորման լեզվով (СЯК) աշխատող միկրո-ԷՀՄ-ով: Վերջինս հնարավորություն էր տալիս իրականացնել բազմադիրք վերահսկող-չափիչ «Բետա» համակարգերի զուգահեռ-հաջորդական սպասարկում, ինչի շնորհիվ մեկ ժամվա ընթացքում ստուգվող միկրոսխեմաների նվազագույն քանակը հասցվել էր 300-ի: 

1991-ին Հայաստանի ռադիոէլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի շուրջ 70 ձեռնարկությունների ու գիտա-արտադրական միավորումների արտադրության ընդհանուր ծավալն ավելին քան 1,1 մլրդ. ռուբլի էր (այդ շրջանում ԽՍՀՄ ռուբլին գրեթե համարժեք էր ԱՄՆ դոլարին), տարեկան եկամուտը՝ մոտ 85 մլն. ռուբլի, աշխատակիցների քանակը՝ շուրջ 70 հազար: Մասնավորապես, «Անի» ԳԱՄ-ում թողարկվող արտադրանքի ծավալը կազմում էր մոտ 70 մլն. ռուբլի, աշխատակիցների քանակը՝ 3450:

Նիտիմն և «Անի» ԳԱՄ-ը շատերին հայտնի է որպես «մագնիտոֆոնի գործարան»: Ինստիտուտի ներգրավվածությունը ԽՍՀՄ ռազմական և տիեզերական հույժ գաղտնի ծրագրերում հասկանալի է դարձնում հասարակության լայն շրջանակի համար դրա բուն գործունեության անհայտ լինելը: Մինչ օրս էլ ավագ սերնդի որոշ աշխատակիցներ չեն բացում շատ փակագծեր, իրենց ծավալած գործունեության մասին չեն շատախոսում: Շատ դեպքերում իրենք էլ տեղյակ չեն եղել, թե ինչ նպատակներով էին կիրառվելու նախագծված և թողարկված սարքերը:

Նիտիմն իր հայտնի ու անհայտ էջերով ուրույն տեղ է ունեցել ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության մեջ՝ կարևոր ներդրում ունենալով միկրոէլեկտրոնային արտադրության զարգացման գործում: Տասնամյակների ընթացքում ինստիտուտի կուտակած փորձառությունն այնքան մեծ էր, որ հենց Նիտիմին վերապահված ԽՍՀՄ միկրոէլեկտրոնային արդյունաբերության մի շարք միջպետական ստանդարտների (ГОСТ) սահմանման պատասխանատու գործը: Այսպիսով, 1966-ի դեկտեմբերին Երևանում հիմնադրվեց Միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտը (Նիտիմ): Այն կոչված էր Խորհրդային միության տարածքում դառնալու եզակի հաստատություն, որը զբաղվելու էր միկրոէլեկտրոնային արդյունաբերությանն առնչվող բազմատեսակ վերահսկիչ-չափիչ սարքա-վորումների, ճկուն մագնիսական սկավառակներով հիշողության սարքերի, միկրոսխեմաների լազերային արատանշման սարքերի, մագնիտոֆոնների և այլ արտադրություններով: Մինչև Հայաստանի անկախացումը Նիտիմը և դրա հիմքի վրա ձևավորված նախ «Գամմա», այնուհետև «Անի» գիտա-արտադրական միավորումները ավտոմատ վերահսկիչ-չափիչ սարքավորումների նախագծման, մշակման և արտադրության բնագավառում ԽՍՀՄ Էլեկտրոնային արդյունա-բերության գլխավոր հաստատություններն էին՝ ասպարեզում զբաղեցնելով մենաշնորհային դիրք:

 Չնայած որ 1990-ականներին «Անի» ԳԱՄ-ն այլևս դադարեց գոյություն ունենալ, սակայն ԳԱՄ-ի փորձառու աշխատակիցների մի մասը շարունակեցին իրենց մասնագիտական գործունեությունը գիտության և արտադրության բնագավառներում, ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում: Հայաստանի անկախացումից հետո «Անի» ԳԱՄ-ի տարածքում Նիտիմի հիմքի վրա ձևավորվեց «Անի-տեստ» ՓԲԸ-ն, որի ներկայիս տնօրեն Ելենա Թադևոսյանը Նիտիմում աշխատել է դրա ստեղծումից ի վեր: «Անի-տեստ»-ում աշխատող մոտ հինգ տասնյակ մասնագետները, շարունակելով ձևավորված ավանդույթները, մինչ օրս նախագծում և թողարկում են ԻՍ-ների և կիսահաղորդչային սարքերի ավտոմատ թեստավորման սարքեր, որոնք արտահանվում են հիմնականում ԱՊՀ և Մերձբալթյան երկրներ: Անհրաժեշտության դեպքում «Անի-տեստ»-ի աշխատակիցները գործուղվում են և տեղում ապահովում արտահանված սարքերի գործարկումը, նաև սարքն աշխատացնելու համար տեղի մասնագետների վերապատրաստումը:

1998-ից Նիտիմից Ա.Ավետիսյանի և «Անի» ԳԱՄ-ի մի խումբ մասնագետների ջանքերով Երևանում բացվեց կիսահաղորդչային սարքերի նախագծման և թեստավորման լուծումներ առաջարկող աշխարհահռչակ ամերիկյան Credence Systems-ի մասնաճյուղը: Իսկ Նիտիմի նախկին աշխատակիցներ Ս.Մելիքյանը և Մ.Իշխանյանը ստեղծել են «Ինտեգրատոր» ՍՊԸ-ն, որը ճարտարագիտական կրթական հաստատությունների համար արտադրում, տեղադրում և սպասարկում է լաբորատոր աշխատանքների իրականացման ուսումնական սարքեր: 

BETA 210  - Product Brochure-1.png (726 KB) 
BETA 210  - Product Brochure-2.png (552 KB)
Բետա-210. միկրոսխեմաների թեստավորման համակարգ

------------------------------------------------------
Վերը բերված հոդվածը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը և առհասարակ հայկական ճարտարագիտության պատմությանը նվիրված «Կայծ» հոդվածաշարի առաջին հրապարակումն է:
Թեմայի ընդգրկուն լինելու պատճառով հոդվածում ներկայացված չեն շատ մանրամասներ։ Սակայն այս շարքը կլինի շարունակելի։ Հնարավոր են նաև այս հոդվածի խմբագրական ոչ մեծ լրացումներ։

Օգտագործված աղբյուրներ 

1. «Հայաստանի Ժողտնտխորհի վերջին նախագահը: Գուրգեն Չոլախյան / Կազմ.՝ Էմմա Չոլախյան-Գասպարյան.- Եր.: Հեղ. Հրատ., 2012.- 386 էջ:
2. Электронная промышленность: измерения и контрольно-измерительная аппаратура.- 1987, 3 (161).
3. http://golosarmenii.am/article/42394/vektor-gosudarstvennika
4. https://hy.wikipedia.org/wiki/Գուրգեն_Չոլախյան
5. http://ani-test.am/about.html
6. http://iosifian.sci.am/docs/306.htm
7. Музей электронных раритетов — Гибриды — 201-я серия
8. http://www.computer-museum.ru/articles/materialy-mezhdunarodnoy-konferentsii-sorucom-2017/1464/?sphrase_id=275302
9. http://epizodsspace.narod.ru/bibl/energia-50/04.html#14-07
10. http://epizodsspace.airbase.ru/e2/foto-e2/z-7/z7.html
11. https://ru.wikipedia.org/wiki/Рубль_СССР
12. https://en.wikipedia.org/wiki/History_of_the_floppy_disk
13. http://www.teradyne.com/about-teradyne/teradyne-history
14. https://en.wikipedia.org/wiki/Teradyne
15. https://www.advantest.com/about-advantest/history