Դարձիր Ընկեր

Առաքելություն

Գիտության և Տեխնիկայի Թանգարանը հիմնադրվել է՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը ներկայացնել հայ ժողովրդի գիտատեխնիկական նվաճումները, գիտական մտքի պատմությունը և համաշխարհային գիտության մեջ ներդրումները: Թանգարանի առաջնային խնդիրն է հավաքել, պահպանել և ցուցահանդեսների միջոցով հասարակությանը ներկայացնել Հայաստանի և օտարերկրյա հայազգի գիտնականների ու գյուտարարների հայտնագործությունները, գյուտերը, նորարարությունները և գիտատեխնիկական նվաճումները:

Թանգարանում ներկայումս զետեղված է բավականին հարուստ հավաքածու, որը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի գիտատեխնիկական մտքի զարգացման ընթացքը:

Թանգարանը բաղկացած է երկու բաժիններից՝ տեխնիկայի և գիտութան։

Տեխնիկայի բաժնի առաջին մասում ներկայացված են արդյունաբերական զարգացման վաղ շրջանում Հայաստանում մշակված և արտադրված ստուգող-չափիչ սարքերի ու սարքավորումների նմուշներ: Երկրորդ մասում ներկայացված են վերոնշյալ սարքերի օրգանական շարունակությունը հանդիսացող ավտոմատ կառավարման սարքերն ու սարքավորումները: Դրանց տեսականին բավականին բազմազան է և ընդգրկում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերը: Երրորդ մասում հավաքված են տեխնիկական սարքեր, որոնք ունեցել են լայն կիրառություն ինչպես գիտության և տեխնիկայի ոլորտում, այնպես էլ՝ կենցաղում: Չորրորդ մասը նվիրված է Հայաստանում լայն զարգացում ստացած արդյունաբերական երկու հիմնական ճյուղին՝ էլեկտրական մեքենաշինությանը և ավտոմեքենաշինությանը:

Հաջորդ բաժնում կարելի է ծանոթանալ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացման ընթացքին: Հպարտությամբ կարող ենք նշել, որ վերջինս զարգացած է եղել Հայաստանի ողջ տարածքում, նույնիսկ գյուղական շրջաններում, որի մասին վկայում են ներկայացված շատ ցուցանմուշներ:

Թանգարանի երկրորդ բաժինն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի գիտական և կրթական համակարգին: Ներկայացված են Գիտությունների Ազգային Ակադեմիայի, գիտահետազոտական ինստիտուտների և բուհական կառույցների գիտական նվաճումները: Ներկայացված են Հայաստանի, ինչպես նաև ողջ աշխարհով սփռված հայազգի անվանի գիտնականները:

Ժամանակավոր ցուցադրությունների սրահը նախատեսված է նշանակալի իրադարձություններին, հոբելյաններին նվիրված միջոցառումների, ինչպես նաև այլ ցուցադրությունների համար։

Թանգարանը կազմակերպում է դասընթացներ և գործնական աշխատանքներ երեխաների և պատանիների համար՝ սերը դեպի գիտությունը, տեխնիկան ու ճարտարագիտական կրթությունը խթանելու նպատակով: